Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը. Ես գիտեմ, որ ինքը լուրջ հորեղբայրներ ունի, հայր ունի, իրեն խորհուրդ կտան՝ ինչ անել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞, որ Մարտուն Գրիգորյանը դեռ իր տեսակետը չի հայտնել Գյումրիի ավագանիում Վարդան Ղուկասյանին միանալ-չմիանալու վերաբերյալ:

«Ինքն արդեն 40 քանի տարեկան է, ինչքան գիտեմ, թոռնիկ ունի, բան ունի: Ես գիտեմ, որ մարդիկ ավելի շատ ապրում են անունի համար, քան թե պաշտոնի։ Էդ պաշտոնն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ հետո դրա պատճառով իրեն մշտական թիրախավորեն»,-ասաց նա:

Հարցին՝ բացառու՞մ է, որ Մարտուն Գրիգորյանի որոշման վրա նաև ազդեցություն է ունենալու Սերժ Սարգսյանը, որովհետև նա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, նաեւ հայտնի են ձեր և Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունները, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես ասում էի, որ կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք քաղաքի շահը ավելի բարձր են դասում և չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, սպասում եմ պատասխանին: Սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ընդհուպ Հայաստանից դուրս հայ ազգը:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: