Մարտի 31-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին և հատկապես Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։