Ծնողներից մեկը Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ տվեց, ուրիշ բան չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Նոր բան չկա ասելու, ինչ գիտեք այս 5 տարիներին, նույն վիճակն է: Ասում են՝ զբաղվում ենք»:

Ավելի ուշ Գեղամ Նազարյանը դուրս եկավ դահլիճից, նրա հետեւց դուրս եկան նաեւ անհետ կորածների մի ծնողներ, բարձրացան վերեւ եւ այնտեղ կրկին բղավոցների ձայներ սկսեցին գալ:

Որոշ ժամանակ անց Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մի քանի ծնող թյուր ընկալեցին՝ ես ինչ եմ ասում, դա իրենց խնդիրն է: Ոչ մի արտառոց բան չկար: Հանդիպմանը ներկա հերոսի հարազատներից մեկը հարցում հղեց ՔԿ նախագահ Պողոսյանին, թե ինչ եք մտածում, ինչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն են: Պողոսյանը այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասացի՝ եթե կարելի է պարզաբանեմ՝ ինչ է հարցնում: խոսքն այն մասին է, թե ինչ պետք է անենք մենք եւ առաջին հերթին պետությունը, երբ ԴՆԹ ուսումնասիրություն մի քանի անգամ անելուց հետո հաստատվում է, որ մարմինը պատկանում է այսինչ հերոսին: Այդ դեպքում ի՞նչ անենք, երբ մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը: Մի քանի ծնողներ վրդովվեցին, թե ինչու ես ես նման բան ասում»:

Ծնողներից մեկն ասում էր. «Տենց բան մի ասա, տենց միտք ասելու իրավունք չունեք: Այդպիսի բաներ էին բացականչում՝ վիրավորական արտահայտություններով: Որպեսզի չլարվի, ես դուրս եկա, ասացի՝ եթե ասելիք ունեք, եկեք դուրսը ասենք»:

Նշենք, որ ԱԺ-ում անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը մասնակցում են ԱԱԾ տնօրենը, ՊՆ փոխնախարարը, արդարադատության նախարարը: