Bloomberg լրատվական գործակալության նախկին աշխատակից Ռիչարդ Սամարելին մահացած են գտել իր ընտանիքի հետ Հարավային Կարոլինայի իր առանձնատանը։ Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
Նրանց տեղեկացմամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել է Ռիչարդի, նրա կնոջ՝ Լինայի եւ ինը տարեկան դստեր՝ Սամանթայի մարմինները մարտի 29-ի առավոտյան, անհանգստացած հարեւանների զանգից հետո։
Ոստիկանությունը դեռ չի հայտնում դեպքի մանրամասները եւ չի տեղեկացնում՝ ամուսինների եւ նրանց երեխայի մահը դժբախտ պատահա՞ր է, թե՞ սպանություն։ «Լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն համապատասխան ժամանակին, երբ դատաքննչական գրասենյակը եւ մեր գործակալությունը կարողանան շարունակել հետաքննությունն այս միջադեպի վերաբերյալ»,- հայտնել են տեղի շերիֆի գրասենյակից:
New York Post-ի համաձայն՝ դեպքի պահին զույգի մյուս երեխաները՝ մյուս դուստրը եւ որդին, դպրոցում են եղել:
Թերթի տվյալներով՝ Ռիչարդ Սամարելը նախկինում աշխատել է Bloomberg-ում՝ որպես արժեթղթերի մենեջեր, Լինան՝ ԱՄՆ վետերանների հարցերով դեպարտամենտում։




























