Ավստրալիայում ավելի քան 100 հազար կով է սատկել մասշտաբային հեղեղումների եւ երկրի արեւելյան ափին գետերի վարարումների պատճառով։ Այս մասին հայտնել է Քվինսլենդի կառավարությունը։

Քվինսլենդի վարչապետ Դեւիդ Քրիզաֆուլիի խոսքով՝ ավելի քան 140 մայրուղի, ներառյալ ափամերձ քաղաքները միացնող դաշնային մայրուղին, արգելափակվել են հեղեղման պատճառով, իսկ Ավադեյլ գյուղի բնակիչները (գտնվում է Բրիսբենից 1 հազար կիլոմետր արեւմուտք) ստիպված են եղել լքել իրենց տները։ «Հեղեղումների պատճառով մենք կարող ենք կորցնել մոտ 1 միլիոն կով եւ 1 միլիոն ոչխար, այսօր արդեն գիտենք, որ ավելի քան 100 հազար գլուխ անասուն է կորել»,- ասել է նա։

Ավստրալիայի պետական օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ հողատարածքները եւ որոշ ճանապարհներ հեղեղվել են այն բանից հետո, երբ 500 միլիմետր անձրեւ է տեղացել Քվինսլենդի հարավ-արեւմուտքում եւ Նոր Հարավային Ուելսի հյուսիսում, իսկ Էյր լճի ավազանի գետերը դուրս են եկել ափերից: «Քվինսլենդում խոնավ սեզոն է, եւ մենք սպասում էինք անձրեւների, բայց չէինք կարծում, որ դրանք այսքան ինտենսիվ կլինեն»,- ասել է բյուրոյի օդերեւութաբան Ջոնաթան Հոուն՝ ավելացնելով, որ հեղեղումներն ու գետերի վարարումները «լուրջ մտահոգություն» են։

Բյուրոյում նշել են, որ տեղումները՝ ամպրոպների եւ ուժեղ քամու ուղեկցությամբ, կանխատեսվում են երկրի ողջ արեւելյան ափի համար։ «Գետերի վարարումների վտանգը Քվինսլենդ նահանգի ողջ տարածքի համար, ինչպես նաեւ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումները կարող են դառնալ ամենամասշտաբայինը վերջին 10 տարիների ընթացքում»,- նշել է բյուրոն։