Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:

 Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:

Կայքի տեղեկություններով՝ նշված 4 անձինք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը:

Ասյ պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում, բայց որ քրեական ոստիկանությունը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, դա ակնհայտ է:

Մահացածն էլ 54-ամյա Մարատ Սուվորովն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել էին տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա էր արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կային վնասվածքի հետքեր:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ ասել էին, որ սպանվածը Վերնիսաժում էր աշխատում և զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով: