Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, Գաջի գործարանի հարեւանությամբ գտնվող «Աղի լճում», «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայնտնաբերված Գարիկ Կիրակոսյանի  սպանությունը բացահայտվել է: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 18-ի սահմաններում, Որմնադիրների փողոցի սկզբնամասում, Կիրակոսյանի ավտոմեքենայում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մեքենայի սրահից վերցրած դանակով հարվածներ հասցրել եւ Կիրակոսյանին սպանել է 26-ամյա Մհեր Խաչատրյանը: Այնուհետեւ նա մեքենան տեղափոխել է «Աղի ջուր» կոչվող լճակ եւ ջրասույզ արել:  Մհեր Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը դեկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գաջեգործների 1-ին փողոցին հարակից «Աղի ջուր» կոչվող լճակում ավտոմեքենա կա: Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Փրկարար ծառայության միջոցով լճակից դուրս էր բերվել «Օպել-Բ» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւի նստելատեղին մեքենայատիրոջ, 40-ամյա Գարիկ Կիրակոսյանի դիակն էր` կրծքավանդակին եւ թիկունքին բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կիրակոսյանը որոնվում էր որպես անհայտ կորած. այդ մասին մի քանի անգամ հայտարարվել է հեռուստատեսությամբ: