ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցները: Ավելին՝ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության:

Հանրային համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։

Հանրային գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը՝ ոչ միայն բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև՝ հակազդելով նման դրսևորումներին։