Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և պաշտոնական այլ անձինք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 31-ին, Գերմանիայի նախագահը տիկնոջ հետ պաշտոնական այցով Հայաստանում էր։

Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը։

Նրան խիստ բողոքել են Հայաստան այցով գտնվող Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցերում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ։

Ադրբեջանը դա անվանել է «բաց քաղաքական սադրանք» և «գերմանական կողմին կոչ արել հրապարակավ ներողություն խնդրել նշված գրառման համար»։

Ընդգծվել է, որ Գերմանիայի նախագահի պաշտոնը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու հայտարարությանը և խաթարում է ընթացող խաղաղ գործընթացը։

Ադրբեջանին դուր չի եկել նաև այն, որ գրառման մեջ հիշատակվում է արցախահայությունը։