Պակիստանի զորքերը երեքշաբթի ներխուժել են հնդկական տարածք Պունչ հատվածում՝ Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքում, եւ կրակ բացել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայնքով:
Ինչպես տեղեկացրել է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցչին, հնդկական զինվորականները «արդյունավետ, վերահսկվող եւ ստուգված պատասխան են տվել» չսադրված ներխուժմանը։ «Իրավիճակը վերահսկելի է։ Հնդկական բանակը վերահաստատում է 2021թ. Հնդկաստանի եւ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված փոխըմբռնման սկզբունքները պահպանելու կարեւորությունը՝ վերահսկողության գծում խաղաղություն պահպանելու համար»,- ընդգծել է բանակի ներկայացուցիչը։
Ինչպես նշել են տեղական լրատվամիջոցները, Ջամու եւ Քաշմիրում հնդկական տարածք ներխուժած պակիստանցի զինվորների միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-8-ը հանրապետության ներքին գործերի նախարար Ամիթ Շահի այս տարածաշրջան կատարելիք այցից անմիջապես առաջ։ Առկա տվյալներով՝ պակիստանյան զորքերը կարող են լարվածություն հրահրել վերահսկողության գծի երկայնքով՝ պակիստանամետ անջատողական խմբերի ահաբեկիչ խմբերին թույլ տալու համար մուտք գործել Հնդկաստան: Պունչ հատվածում այս պահին լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է ընթանում։





























