Ամերիկյան Ինգլվուդ քաղաքի ոստիկանությունը վերադարձրել է նախագահ Ջորջ Վաշինգտոնի գողացված նկարը, տեղեկացրել է CBS News-ը։
Կտավը հայտնաբերվել է գողությունից ավելի քան մեկ տարի անց։ Այն նկարիչ Գիլբերտ Սթյուարտի ապակու վրա ստեղծած Վաշինգտոնի հայտնի դիմանկարի պատճենն է։
Freeman's աճուրդների տան կերպարվեստի տնօրեն Մոնիկա Բրաունը բացատրել է, որ նկարը ստեղծվել է չինացի անանուն նկարիչների կողմից մոտ 1798թ.։
Ընդհանուր առմամբ աշխարհում ստեղծվել է մոտ 100 նմանատիպ գործ, սակայն այսօր հայտնի է վեցի մասին։ Դրանցից չորսը գտնվում են թանգարաններում, եւս մի քանիսը՝ մասնավոր մարդկանց մոտ։
Բրաունի խոսքով՝ նման նկարների արժեքը տատանվում է՝ կախված նրանց վիճակից, սակայն Ամերիկայի բոլոր հիմնադիր հայրերի պատկերները շուկայում մեծ պահանջարկ ունեն: Նրա կարծիքով՝ հայտնաբերված կտավի արժեքը կարող է հասնել 150 հազար դոլարի։
Ջորջ Վաշինգտոնի նկարը գողացվել է 2024թ. հունվարին Ինգլվուդի պահեստներից մեկից։ Գործը հետաքննող ոստիկան Քրիստիան Կոնտոսը պատմել է, որ նկարը հայտնաբերվել է հյուրանոցի լքված համարում։ Ձերբակալվածներ չկան, իսկ գողն անհայտ է մնում։
«Միգուցե գողը չգիտեր դրա արժեքը եւ թողել է այն՝ գիտակցելով, թե ինչ անախորժություններ կարող է այն պատճառել: Գողացված իրերն այն չեն, ինչը հեշտությամբ կարելի է վաճառքի հանել ինտերնետում»,- բացատրել է դետեկտիվը:





























