Դա շատ անհատական, անձի որոշումն է ու լինում են իրավիճակներ, որ մարդը մտածում է, որ սա սահմանն է և որևէ քայլից հետո նպատակահարմար չի գտնում շարունակել պատգամավորական գործունեությունը. ես շատ բարձր եմ գնահատում դա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր դրեց մանդատը:
Դիտարկմանը, որ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ պետք է առողջացնել ՔՊ-ն, հիվա՞նդ է կուսակցությունը, նա պատասխանեց. «Կուսակցությունը հիվանդ չէ, բայց նույնիսկ առողջ մարդը շատ հաճախ գնում է առողջարան, որպեսզի ավելի լավ զգա իրեն, իսկ կուսակցությունը միշտ ավելի լավը դարձնելու խնդիր կա կա: Այն, որ կուսակցությունում խնդիրներ կան, դա որևէ մեկը չի բացառում:
Ես շատ ափսոսում եմ, որ նրա նման գործընկեր չի ունենալու խորհրդարանում, բայց ունեմ նրա նման լավ կուսակցական ընկեր»,-ասաց նա:











