Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի են ունեցել մարտի 30-ին, անցել է արդեն 3 օր, սակայն մինչ այս պահը պարզ չէ, թե ով է դառնալու Գյումրիի քաղաքապետ: Պատճառն այն է, որ ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը դեռեւս չի հայտարարել իր դիրքորոշումը:
Մարտուն Գրիգորյանը կիրակի օրը կայացած արտահերթ ընտրություններից հետո հեռախոսազանգերին չի պատասխանում։
Գրիգորյանի առաջնորդած դաշինքը կազմված է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից: «Հայրենիք»-ի նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում հստակ չի ասել, թե երբ Մարտուն Գրիգորյանը նա կհայտարարի վերջնական որոշման մասին՝ խորհուրդ տալով սպասել:
«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն անկուսակցական է, պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում:
Նշենք, որ Գյումրիի ընտրությունների արդյունքում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 մանդատ եւ «Մայր Հայաստանի» Կարեն Սիմոնյանը՝ 2 մանդատ: Մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 17 մանդատ:
Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ իրենք առանց որեւէ նախապայմանի աջակցում են ընդդիմադիր թեկնածուներից առավել շատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն, ակնհայտորեն դա բավարար չէ, քանի որ այդ երեք ուժերը միասին ունեն 13 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը:
Ամեն ինչ կախված է Մարտուն Գրիգորյանից: Եթե նա աջակցի Վարդան Ղուկասյանին, ապա վերջինս հեշտությամբ կարող է դառնալ քաղաքապետ։ Իսկ եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի ՔՊ-ին, ապա Սարիկ Մինասյանը կարող է դառնալ քաղաքապետ։
Մարտուն Գրիգորյանը ընտրություններից հետո կրկնել է իր նախկինում արած հայտարարությունը, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ։ չի ունենալու: Սակայն բոլորին է հայտնի, որ իր եւ Վարդան Ղուկասյանի միջեւ լուրջ կոնֆլիկտ կա, որը տասնյակ տարիների պատմություն ունի:
Դեռ որքան կլռի Մարտուն Գրիգորյանը, ոչ մեկին հայտնի չէ:




























