Կուրսկի մարզային դատարանը դատախազին է վերադարձրել քրեական հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու և այլ հանցագործությունների վերաբերյալ օրենքով գող Վիկտոր Պանյուշինի (Պան) դեմ քրեական գործը, գրում է «Коммерсантъ»-ը։

Ինչպես հայտնում են մարզային դատական ​​համակարգի միասնական մամուլի ծառայությունից, այդ որոշումն ընդունվել է նախաքննության ընթացքում թույլ տրված քրեադատավարական խախտումների պատճառով։

Քրեական գործը դատարան է ներկայացվել մարտի 11-ին: Պանյուշինը մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու, ավազակային հարձակումների, մոլախաղերի ապօրինի կազմակերպման, սպանության և սպանության փորձ կազմակերպելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 210.1, 209, 171.2, 105 հոդվածներ):

Նրա հետ միասին գործով անցնում են Միրզա Բոլկվաձեն, Անդրեյ Վոլոբուևը, Անդրեյ Օբեզյաևը և Յուրի Տկաչյովը, ովքեր, կախված իրենց դերից, մեղադրվում են նույն հանցագործությունների մեջ, բացառությամբ մոլախաղերի կազմակերպման և հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու։

Պանյուշինի և նրա հանցակիցների դեմ հարուցված քրեական գործի հետաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեի Կուրսկի վարչությունը հայտնել է 2020 թվականին։ Հետաքննության տվյալներով՝ հանցախմբի անդամները վերահսկել են ապօրինի խաղային բիզնեսը, կատարել անշարժ գույքի նկատմամբ խարդախություններ, առևանգումներ և ծեծկռտուքներ։

Գործի հարուցումից հետո «քրեական հեղինակությունը», որն ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Օրյոլի և Բելգորոդի մարզերի քրեական միջավայրում, մի քանի տարի թաքնվել է, ներառյալ՝ Ուկրաինայում, սակայն 2023 թվականի վերջին արտահանձնվել է Ռուսաստանին։