Երևանի պետական համալսարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինար:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Չինաստանի դեսպանատունը՝ նպատակ ունենալով Հայաստանի բուհերի ուսանողների շրջանում մեծացնել կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը և խորացնել ՇՀԿ-ի նպատակների ըմբռնումը։

Սեմինարին մասնակցում էին նաև Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ։
Որպես 2024-2025 թվականներին ՇՀԿ նախագահող երկիր՝ Չինաստանն այս աշնանը ՇՀԿ գագաթնաժողովը կհյուրընկալի Տյանցզինում։ Չինաստանի նախագահության ընթացքում «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ» խորագրով ավելի քան 100 միջոցառումներ կանցկացվեն:
Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկերն է 2016 թվականից, և չինական կողմը գոհունակություն է հայտնել նրա մասնակցության կապակցությամբ։





























