Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը հայտարարել են, որ թույլ չեն տա ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքներն ու օդային տարածքն Իրանին հարվածելու համար, գրում է Mehr-ը։

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի այլ երկրներ արգելել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց օդանավակայանները կամ երկինքն Իրանին հարվածելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել երկիրը: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը և Քուվեյթն ԱՄՆ-ին ասել են, որ թույլ չեն տա, որ իրենց օդային տարածքը կամ տարածքն օգտագործվի որպես Իրանի դեմ գործողությունների վայր, այդ թվում՝ լիցքավորման և փրկարարական գործողությունների համար, Middle East Eye-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթավերջին սպառնացել է Իրանին ռազմական հարվածով: Պաշտոնյան անանունության պայմանով խոսել է գաղտնի ռազմական պլանավորման մասին։ «Նրանք չեն ցանկանում ներքաշվել դրա մեջ», - ասել է պաշտոնյան: Պարսից ծոցի երկրների անզիջողականությունը հետընթաց է Թրամփի վարչակազմի համար, որը հույս ուներ օգտագործել զանգվածային ավիահարվածները Եմենի Անսարալլահ շարժման դեմ՝ որպես ուժի ցուցադրություն՝ Թեհրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները: