Կարծում եմ՝ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է շատ կոռեկտ լինի իր արտահայտությունների մեջ չհաշված, որ չպետք է խախտի անմեղության կանխավարկածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը դատի է՝ տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
«Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, որ ըստ էության ինքը, դատավճիռ էր կարդում, այնտեղ ինքը մի շատ տգեղ արտահայտություն արեց, ասաց՝ «սուտ է ասում», նկատի ունենալով ինձ։ Անկախ նրանից, թե ես դրանից առաջ ինչ էի ասել, այդ արտահայտությունը ամփոփումն էր իր պահվածքի, իր մոտեցման և ընդհանրապես իր վերաբերմունքի: Այդ ռանգի պաշտոնյան չպիտի այդպիսի լեքսիկոն ունենա։ Հետևաբար «սուտ է ասում» արտահայտությունը ես գտնում եմ շատ վիրավորական և այդ հերքումով էլ դիմել եմ դատարան»,-ասաց Աղազարյանը:
Հարցին՝ դատախազությունից իրեն որեւէ պատասխան ստացե՞լ է, նա բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ ընդամենը եկել է իր փաստաբանը հայցն ուղարկել:











