Որակյալ կադրերի խնդիր, այո, բոլոր բնագավառներում այսօր կա. հանրային կառավարման ոլորտում որակյալ կադրերի պակաս խիստ զգացվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրիեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կադրային ճգնաժամ կա:

« Դա նաև պայմանավորված է նրանով, որ պետական վարձատրությունը կամ այդ բնագավառներում վարձատրությունը որակյալ մասնագետի համար քիչ է, և որակյալ մասնագետները գտնվում են մասնավոր ոլորտում, որտեղ ավելի բարձր կարող են վարձատրվել»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց պնդմանը, որ կադրերի պակասի պատճառներից մեկն էլ այն է, որ շատերը չեն ուզում աշխատել ՔՊ-ական իշխանության հետ. «Ի՞նչ է նշանակում չեն ուզում. եթե մարդը լավ քննիչ է կամ լավ տնտեսագետ է, լավ հաշվապահ է, իշխանությունը այստեղ ի՞նչ կապ ունի։ Այդպիսի բան չի կարող լինել ուղղակի: Ի՞նչ է նշանակում, իշխանությունների հետ չեմ ուզում աշխատեմ, ուրեմն չեմ ուզում բժիշկ աշխատել, ֆիզիկոս աշխատել, վարչության պետ չեմ աշխատելու, բաժնի պետ չեմ աշխատելու, դա ծիծաղելի է: Միշտ էլ իշխանություններ են լինելու և միշտ էլ ինչ-որ մի իշխանությունների օրոք պետք է աշխատել:

Գուցե չեն ուզում փոխվարչապետ աշխատել, նախարար աշխատել, բայց մասնագետը, եթե լավ, որակյալ մասնագետ է ինչ-որ մի բնագավառի, ի՞նչ կապ ունի իշխանությունը որն է: Չի կարող այդպիսի հարց գոյություն ունենալ:

Մի լավ մասնագետը, որակյալ պաշտոնյան իր տեղում էական բան է փոխում: Եվ հակառակը, եթե մի տեղ նշանակում ես մարդ, որի մարդկային, մասնագիտական որակները չեն համապատասխանում այդ պաշտոնին, մի ամբողջ համակարգ կարող է խնդիրների առաջ կանգնել մի աշխատողի պատճառով»:

Հարցին՝ արդյոք իշխանությունն իր ընդդիմախոսներին, նույնիսկ եթե լավ կադր լինեն, պաշտոն կտաք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Առաջին ընդդիմախոսները հենց մենք ենք, կոնկրետ մեկը ես եմ, որպես պատգամավոր: Գուցե հանրային դաշտում այդպես շատ չի հնչում, որովհետեւ դրա կարիքը չկա, բայց մեր ներքին քննարկումներով, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների կամ փոփոխությունների արդյունքները շատ բուռն քննարկման առարկա են դառնում մեզ մոտ: Հենց առաջին քննադատողներն էլ մենք ենք:  Մեզնից շատ երևի ոչ մեկը չի քննադատում մեր որոշակի ոլորտների պաշտոնյաներին»: