Հայ հոգեւորականությունը զբաղված է եկեղեցիների պղծմամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Կեչառիս վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Դա եզակի դեպք չէ, որ հոգեւորականությունն իր օրինակով պարզապես պղծում է եկեղեցին: Վանքի մոտ տեղական հոգեւորականների թույլտվությամբ հերթական օբյեկտն է կառուցվում: Դա անձեռնմխելի, պահպանվող գոտի է, ցանկացած շինարարություն այնտեղ արգելվում է, բայց մեզ ասում են, իբր «հավատացյալները, ուխտավորները կսնվեն այնտեղ»: Միեւնույն ժամանակ այդ նույն հավատացյալներն իրենց տարակուսանքն են հայտնում»,- նկատել է Կարապետյանը` հավելելով, որ «հոգեւոր հովիվը» նրա համար է հովիվ, որ ժողովուրդը սովորի իրենից, օրինակ վերցնի: «Եթե հնարավոր լիներ վտարել հոգեւորականներին եկեղեցուց, շատ ավելի լավ կլիներ»,- նկատել է նա:
Որպես հակառակ օրինակ, ճարտարապետը նշել է վերաբերմունքը հայկական եկեղեցիների նկատմամբ Իրանում: Կարապետյանը նշել է, թե 2011-ին Իրանում ավարտվել է Սուրբ Ստեփանոս նախավկայի տաճարի զանգակատան վերանորոգումը: «Մենք աշխատել ենք Իրանում: Ամենուր տեսնում էինք այդ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Սուրբ Ստեփանոս Նախավկայի պատմությունը դրա վառ ապացույցն է: հատուկ վերանորոգման համար Հայաստանից մասնագետներ են հրավիրվել, որոնք աշխատել են 4 ամիս: հաջորդ տարի վերականգնողական աշխատանքներ են իրականացվելու եւս մի քանի հայկական եկեղեցիներում»,- նշել է Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում պատմական հուշարձանների ընդհանուր վիճակին, Սամվել Կարապետյանը նկատել է, թե այդ ոլորտու խնդիրներ միշտ կան, բայց վերջին շրջանում իրավիճակն ավելի է վատթարանում: «Սկսենք նրանից, որ վերանորոգման ու վերականգնման կարիք ունեն գրեթե բոլոր հուշարձանները: Անգամ այն կառույցները, որ համեմատաբար վերջերս են վերանորոգվել, կրկին ունեն դրա կարիքը, քանի որ վերականգնումն անորակ է արվել: Բայց ինձ զայրացնում է այն, որ ոչ միայն չենք մտածում մեր նախնիների պատմամշակութային ժառանգության պահպանման մասին, այլեւ կործանում ենք գոյություն ունեցողը»,- ասել է հուշարձանագետը:



























