«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը: Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

«Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից:

Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքը վերջապես հրապարակեց իր որոշումը: Սա համարում եմ բոլորիս հաղթանակը:

Այս պահին կարող եմ ասել, որ մենք նպաստեցինք, որպեսզի «Մայր Հայաստանի» նվազագույն խնդիրը՝ ՔՊ-ի իշխանազրկումը, իրականություն դառնա և ժողովրդի պահանջը կյանքի կոչվի:

Ուզում եմ հատուկ նշել, որ մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ  քվեարկում ենք՝ հանուն ՔՊ-ի իշխանազրկման:

Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից, որոնց համար քվե ենք ստացել և որոնք բխում են Գյումրու, գյումրեցիների շահերից»,- ասվում է նրա հայտարարության մեջ: