Ցույցերին հավաքվողները փչացնում են մարդկանց տոնը: Նման կարծիք է հայտնել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Reuters-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Մոսկվայում ընթացող ակցիաները:

«Մենք 150-միլիոնանոց Ռուսաստան ունենք, իսկ այնտեղ մի խումբ մարդիկ են հավաքվում: Շատերը գնում են տեսնեն, թե ինչ հետաքրքիր բան կա: Փչացնում են մարդկանց նախատոնական տրամադրությունները»,- հայտարարել է Քադիրովը:

«Եթե ժողովուրդը անկարգություններ պատերազմ է ցանկանում, այդպե՞ս է: Իհարկե այդպես չէ: Այդպես չեն լուծում պետության, ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Քադիրովը:

Ընդ որում նա ցույցերի անցկացումը համարել է իշխանությունների բարի կամքի դրսեւորում: «Ուղղակի պետության ղեկավարությունը անում է ամեն ինչ, որ պահի ժողովրդավարությունը, այսպես էլ լինում է: Իսկ նրանք սադրում են: Չե՞ք լսել նրանց ելույթները»,- ասել է Քադիրովը` համենայն դեպս նշելով, թե ցույցերը խաղաղ են:

Նշենք, որ բողոքի ակցիաները ընտրությունների կեղծման դեմ սկսվել են դեկտեմբերի 5-ին եւ տեղի ունեցել Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Ամենաբազմամարդը եղել են դեկտեմբերի 10-ի եւ 24-ի հանրահավաքները: