ԱՄՆ-ում մեքենան վարելիս փքաբլիթն ընկել է վարորդի ձեռքից, ինչի հետևանքով նա դուրս է եկել հանդիպակաց գոտի և զանգվածային վթարի պատճառ դարձել, հայտնում է New York Post-ը։
«Օհայո նահանգից վարորդը, որը բանուկ ճանապարհով շարժվելիս փքաբլիթը ձեռքից գցելով՝ երեք մեքենայի մասնակցությամբ սարսափելի վթարի պատճառ է դարձել։ Մեկ մեքենա ճզմվել է, իսկ դրա մասերը ցրվել են ասֆալտի վրա», - նշում է պարբերականը:
Վարորդը մեքենան վարելիս ձգվել է սուրճը վերցնելու, բայց ձեռքից գցել է փքաբլիթն ու դուրս եկել հանդիպակաց գոտի։ Այնտեղ նա բախվել է մեկ այլ մեքենայի ու մխրճվել մյուսի մեջ։ Վթարը տեղի է ունեցել ճանապարհի ոլորապտույտ հատվածում։
Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ․ երկու վարորդներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկին օգնություն են ցուցաբերել դեպքի վայր հասած բուժաշխատողները։ Ոստիկանությունը վթարի մեղավորին տուգանել է անուշադիր վարելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։




























