Սերիական մարդասպան Ալեքսանդր Պիչուշկինը, որը հայտնի է «Բիտցևսկի մոլագար» անունով, ցմահ բանտարկյալների գաղութում 17 տարի անցկացնելուց հետո, հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ ևս 11 չբացահայտված սպանությունների մասին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության (ФСИН) մամուլի գրասենյակի աղբյուրին։
«Պիչուշկինը հայտարարել է Մոսկվայի Հյուսիսային Բուտովո շրջանում տղամարդկանց և կանանց 11 սպանությունների մասին խոստովանական ցուցմունք տալու պատրաստակամության մասին», - հաղորդում է ФСИН-ի մամուլի գրասենյակը:
Գերատեսչությունում նշել են, որ չբացահայտված հանցագործություններին դատապարտյալի առնչության մասին տեղեկությունները ստացվել են Ռուսաստանի ФСИН-ի գլխավոր օպերատիվ վարչության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների ընթացքում։
ФСИН-ից նաև հայտնել են, որ ծառայության գլխավոր օպերատիվ վարչությունը մշտապես աշխատում է իրավապահ մարմինների հետ՝ անցյալ տարիների հանցագործությունները բացահայտելու համար:
2008 թվականից 50-ամյա Ալեքսանդր Պիչուշկինն իր պատիժը կրում է Յամալո-Նենեցական ինքնավար շրջանի Խարպ ավանի ցմահ բանտարկյալների հատուկ ռեժիմի գաղութում։ Նա կալանավորվել է 2006 թվականի ամռանը Բիտցևսկի զբոսայգու տարածքում սպանություններ կատարած մոլագարի գրեթե մեկ տարի տևած որոնումներից հետո։
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայի քաղաքային դատարանը երդվյալ ատենակալների դատավճռի հիման վրա (պետական մեղադրողը Մոսկվայի դատախազ Յուրի Սյոմինն էր), Պիչուշկինին մեղավոր ճանաչեց 48 սպանության և երեք մահափորձի մեջ։ Նա հիմնականում հարձակվում էր տղամարդկանց վրա, սակայն նրա զոհերի թվում է նաև երեք կին։ Նա սպանություններ է կատարել 1992-ին և 2001-2006-ի ընթացքում՝ սովորաբար սպանությունն իրկանացնելով զոհի գլխին բութ առարկայով հարվածելով։
Ինքը՝ Պիչուշկինը, պնդում էր, որ սպանել է 60 մարդու, իսկ ընդհանուր առմամբ պատրաստվում էր 64 սպանություն կատարել՝ ըստ շախմատի տախտակի վանդակների քանակի, որտեղ յուրաքանչյուր սպանությունից հետո թվանշանով քառակուսի թերթիկ էր փակցնում։



























