Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պաշտոնից հեռացրել է խորհրդարանական հարցերով իր փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ պարսկական Նոր տարվա (Նովրուզ) տոնակատարությունների ժամանակ Հարավային բևեռ վերջինիս արտասովոր ուղևորությունից հետո։

Շաբաթ օրը Դաբիրիին ուղարկած հրամանագրում Իրանի նախագահը հայտնել է, որ Դաբիրիի ուղևորության մասին զեկույցին ծանոթանալուց հետո որոշել է աշխատանքից հեռացնել նրան: «Հաշվի առնելով հանրության առջև ծառացած բազմաթիվ տնտեսական դժվարությունները, պաշտոնյաների արտասովոր ուղևորությունները, նույնիսկ եթե ֆինանսավորվում են անձնական եկամուտներից, «պաշտպանության ու արդարացման ենթակա չեն և հակասում են Իրանի պաշտոնյաներից ակնկալվող մինիմալիստական ​​ապրելակերպին», - ասել է Իրանի նախագահը:

«Մեր երկարամյա բարեկամությունը և ձեր անգնահատելի ծառայությունը որպես խորհրդարանական հարցերով փոխնախագահ, մեզ չեն խանգարում առաջնահերթությունը տալ ազնվությանը, արդարությանը և ժողովրդին տված մեր խոստումներին»,- ասել է Փեզեշկիանը։ Նույն օրն ավելի ուշ կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ նախագահ Փեզեշկիանի որոշումը ցույց է տալիս, որ նա ոչ մեկի հետ եղբայրական հարաբերություններ չունի, և նրա միակ չափանիշներն արդյունավետությունը, արդարությունը, ազնվությունը և հանրային շահն են: