Լատիշ կոմպոզիտոր, երգահան Ռայմոնդ Պաուլսը հայտնվել է տհաճ իրավիճակում, քանի որ նույն երգը վաճառել է երկու երգչուհիների: Կոմպոզիտորի բարեկամները պատճառը նրա սկլերոզն են համարում:
Երգը, որ Պաուլսը գրել է պոետ Իլյա Ռեզնիկի հետ, անսպասելիորեն երգել է Լայմա Վայկուլեն:
Ազիզան պատմել է, որ աշնանը լսել է «Բելիե նոչի» երգը, Ռեզնիկին խնդրել է փոփոխել տեքստը, այն անվանել «Սանկտ-Պետերբուրգ» եւ սկսել է կատարել այն: «Լսելով նույն երգը Վայկուլեի կատարմամբ, ես ապշեցի: Իմ կողմից հարգված մարդու կողմից նման քայլ չէի սպասում»,- ասել է երգչուհին` հայտարարելով, որ մտադիր է դատարանում պաշտպանել իր իրավունքները:
Ռեզնիկը հայտնել է, որ կատարումն իսկապես պատկանում է Ազիզային:
Վայկուլեն հանգիստ է վերաբերվել իրավիճակին եւ պատրաստ է հաշտվել: «Պատկերացում չունեմ, թե ինչպես է այդ երգը հայտնվել Ազիզայի մոտ: Ես շատ այլ լավ երգեր ունեմ, եւ խնդիր չունեմ այդ մեկը այլեւս չերգելու»,- ասել է երգչուհին:
Պաուլսի բարեկամները նշել են, որ նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, անգամ հեռախոսազրույցի կեսից կարող է մոռանալ, թե ում հետ է խոսում: Նա նաեւ սրտի վիրահատություն է տարել եւ լուրջ խնդիրներ ունի, գրում է «Դնի.ռու»-ն:




























