Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան թռչել։ Նրանց վկայությամբ, օդանավակայանի և հյուրանոցների մարդաշատության պատճառով իրենք ստիպված են հատակին սպասել, հայտնում է «Осторожно, новости» Telegram ալիքը։
Ինչպես ուղևորներն են պատմել ռեսուրսին, իրենց չվերթը Երևան պետք է կատարվեր ապրիլի 4-ին՝ տեղական ժամանակով 16:20-ին, սակայն մառախուղի պատճառով հետաձգվել է։
Սակայն այդ պահից մեկնելու մասին տեղեկություններն անընդհատ փոփոխվել են. 8 ժամ հետո սպասողներին հյուրանոց են տրամադրել, սակայն 2 ժամից նրանք ստիպված են եղել գալ օդանավակայան։
Տեղական ժամանակով ժամը 22:30-ին ինքնաթիռը կրկին օդ չի բարձրացել, և ավիաընկերությունից հայտնել են, որ հյուրանոց կարող են տրամադրել միայն 8 ժամ հետո, ուստի ուղևորները ստիպված են եղել վճարել գիշերակացի համար:
Այժմ ավիաընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ մեկնումը կլինի տեղական ժամանակով 15:30-ին, սակայն, ըստ ուղևորների, իրենց ինքնաթիռը դեռ չի ժամանել Թբիլիսիից։




























