Ռուսաստանյան ուժերը հրթիռային հարված են հասցրել Կիևին. ապրիլի 6-ի առավոտյան հրդեհներ են բռնկվել մի քանի շրջաններում, հայտնում է РБК-Украина-ն։

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի վկայությամբ, հրդեհներ են գրանցվել քաղաքի Դառնիցկի, Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում։

Նա նաև մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ևս մեկ անգամ կոչ է արել չլքել իրենց ապաստարանները, քանի դեռ չի ավարտվել օդային հարձակումը։

Ըստ Կլիչկոյի, տեղական ժամանակով առավոտյան յոթն անց կեսին արդեն հայտնի էր երեք զոհի մասին։

Կլիչկոն նշել է, որ Օբոլոնսկի շրջանում, որտեղ հակառակորդի հարվածի պատճառով օֆիսային կենտրոնում հրդեհ է բռնկվել, շենքը մասամբ ավերվել է։

Նա հավելել է, որ տեղում աշխատում են փրկարարները։

Ինչպես նշում է РБК-Украина-ն, ապրիլի 6-ի գիշերը ռուսաստանյան զորքերը հարվածային անօդաչուներ են  ուղարկել Ուկրաինայի ուղղությամբ, և որոշ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ 

Ավելի ուշ՝ գիշերը, Ռուսաստանը թևավոր հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել մի շարք շրջաններից, ինչպես նաև Կիևից, որտեղ աշխատել են ՀՕՊ համակարգերը։

Իսկ ժամը հինգի մոտ կրկին օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում՝ այս անգամ արդեն բալիստիկ հրթիռի սպառնալիքի պատճառով։

Միաժամանակ Կիևում հրթիռային հարձակման հետևանքով մի քանի հզոր պայթյուն է հնչել։ Մայրաքաղաքում աշխատել է ՀՕՊ համակարգը։