Ավստրիան փակել է 24 փոքր սահմանային անցումները Հունգարիայի և Սլովակիայի հետ՝ դաբաղի ներթափանցումը կանխելու համար, հայտնում է Euronews-ը։

Սլովակիան երեքշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ երեք ֆերմայում դաբաղ հիվանդություն է հայտնաբերվել:

Չորեքշաբթի օրը Հունգարիայում այս խիստ վարակիչ հիվանդության 50 տարվա մեջ առաջին բռնկումն է եղել, ինչը ստիպել է իշխանությանը զինվորներ ուղարկել և սկսել ախտահանման աշխատանքները՝ Սլովակիային և Ավստրիային սահմանակից տարածքում այն մեկուսացնելու համար:

Այս հիվանդությունը վտանգավոր չէ մարդկանց համար, այն հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր կենդանիներին և երկկճղակավոր այլ  կենդանիների, ինչպիսիք են խոզերը, ոչխարները և այծերը:

Վարակված կենդանիների հիվանդության ախտանիշներն են տենդը և բերանում բշտիկների առաջացումը: Հիվանդությունների բռնկումները հաճախ հանգեցնում են առևտրի սահմանափակումների և որոշ քանակությամբ անասունների ոչնչացման:

Ավստրիայի առողջապահական մարմինները մանրակրկիտ ստուգումներ են իրականացնում Հունգարիայի և Սլովակիայի հետ մի քանի բաց սահմանային անցակետերում: Մեքենաները պետք է անցնեն համաճարակային գորգը՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Այս միջոցը վերաբերում է նաև սահմանը ոտքով հատող հետիոտներին։

Ոստիկանները սահմանային անցակետերում մեքենաները ստուգում են նաև մսամթերքի հայտնաբերման համար:

Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց ոստիկանական ռեսուրսները կենտրոնացված կմնան սահմանին, քանի դեռ արտակարգ իրավիճակը պահպանվում է: