ԿԺԴՀ «մեծ առաջնորդ» Կիմ Չեն Իրը եղել է լավ սիգարի, կոնյակի եւ երիտասարդ կանանց սիրահար: Նա ունեցել է բազմաթիվ սիրուհիներ: Հյուսիսային Կորեայի ղեկավարի ինտիմ կյանքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել The Los Angeles Times-ը:
Տասը տարի առաջ Փխենյանից փախած մի կին պարբերականին պատմել է, թե ինչպես իր ընկերուհին, ով Հյուսիսային Կորեայում հայտնի դերասանուհի էր, տեղափոխվել է Հինգերորդ տուն` այդ ժամանակ դեռեւս ժառանգորդ Կիմ Չեն Իրի նստավայր` չնայած որ ամուսին ուներ:
Սունգը դարձել է Կիմ Չեն Իրի հետ ինտիմ կապ ունեցած բազմաթիվ կանանցից առաջինը:
Կիմ Չեն Իրը երկարատեւ սիրավեպ է ունեցել չորս կանանց հետ: Հայտնի են առնվազն վեց երեխաների մասին, որոնք ծնվել են նրանցից եւ եղել են «գերիներ ոսկե վանդակներում»:
Նշվում է, որ Սունգի մասին Կիմ Չեն Իրը չի պատմել հորը եւ վերջինիս պնդմամբ ամուսնացել է գեներալի դստեր` Կիմ Են Սուկի հետ, որն էլ դարձել է նրա միակ օրինական կինը:
Կիմ Չեն Իրի ավագ որդուն լույս աշխարհ է բերել Սունգը: Ըստ փորձագետների` նրա օրինական կնոջից երկար ժամանակ թաքցրել են տղայի գոյությունը: Ըստ լուրերի, երբ Սունգը ծննդաբերել է հիվանդանոցում, այնտեղ է այցելել Իրի օրինական կինը, եւ բժիշկներն ստիպված են եղել Սունգին դուրս բերել հիվանդանոցից եւ թաքցնել թփերի մեջ:
Հետագայում Սունգին համարել են պալատի հեղինակության համար վտանգավոր անձ: Գաղտնի ոստիկանությունը բանտում է փակել Սունգի շատ ընկերների` վախենալով, որ նրանք կպատմեն Կիմ Չեն Իրի հետ նրա հարաբերությունների մասին: Սունգին հաջողվել է փախչել Ռուսաստան, որտեղ նա մահացել է 2002թ-ին:
Կիմ Չեն Իրի կյանքում ամենաերկարատեւ սիրավեպի հերոսուհին Կիմ Օկն է եղել` դաշնակահարուհի, ով 1980-ականներից եղել է նրա քարտուղարուհին: Ըստ լուրերի` նա դուստր է ծնել Կիմ Չեն Իրի համար:




























