Նա ապրել է մոտ 3500 տարի առաջ, սակայն դեմքի վերականգնման տեխնոլոգիան կյանքի է վերադարձրել ուշ բրոնզեդարյան միկենացի կնոջը: Կինը մոտ 30 տարեկան էր, երբ նրան հուղարկավորել են մ.թ.ա 16-17-րդ դարերում թագավորական գերեզմանատանը, գրում է The Observer-ը։
Այս վայրը հայտնաբերվել է 1950-ականներին Հունաստանի մայրցամաքային մասում՝ Միկենքում՝ Հոմերոսի գովերգած Ագամեմնոն թագավորի լեգենդար նստավայրում:
Թվային նկարիչ Խուանխո Օրտեգա Ջին ստեղծել է կնոջ իրական դեմքը նրա կավե կրկնօրինակից, որը պատրաստվել է 1980-ականներին Մանչեսթերի համալսարանում, որը դեմքի վերականգնման հիմնական մեթոդներից մեկի առաջամարտիկն էր:
Կինը թաղված է եղել էլեկտրումից դիմակով և մարտական հանդերձանքով, այդ թվում՝ երեք թուր, որոնք ենթադրվում է, որ պատկանել են նրա կողքին թաղված տղամարդուն, բայց հիմա համարվում է, որ դրանք կնոջն են պատկանել: ԴՆԹ անալիզը հաստատել է, որ կնոջը թաղել են եղբոր հետ։
«Այս կինն այդտեղ թաղվել է ոչ թե ամուսնության պատճառով, այլ ծննդյան շնորհիվ: Սա վկայում է մեկ այլ պատմության մասին, թե որքան կարևոր է եղել նա… Ստացվող տվյալները վկայում են այն մասին, որ ուշ բրոնզի դարաշրջանի այս թաղումների վայրերում հայտնաբերված մարտական հանդերձանքներն ավելի շատ առնչություն ունեն կանանց, քան տղամարդկանց հետ, ինչը ամբողջովին մերժում է մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կանայք կապված պատերազմի հետ»,- ասել է Էքսեթերի համալսարանի դասական և հնադարյան պատմության ամբիոնի ավագ դասախոս, դեմքի վերականգնումը պատվիրած, դոկտոր Էմիլի Հաուզերը:
Նա հավելել է, որ հնագիտական գտածոները և ԴՆԹ թեստը հնարավորություն են տվել «հնադարյան պատմության իսկական կանանց դուրս գալ ստվերից»։





























