Գլխավոր փոստի տեղում բարձրահարկ շենքը դեռ ծրագիր չէ, այլ ցանկություն։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երևանի ավագանու անդամ Ալեքսանդր Արտեմի Բադալյանը։
Ըստ նրա՝ տարածքի սեփականատերը կա, բայց ներդրում չկա: «Կարելի է շատ բան ցանկանալ, բայց ցանկությունները կարող են ավարտվել էսքիզը համաձայնեցնելու փուլում, հիմա մենք չենք կարող մանրամասն խոսել»,- հիշեցրել է Բադալյանը։
Փորձագետը կարծում է, որ բարձրահարկ շենք կարող է լինել, բայց հարցն այն է, թե ինչպիսի շենք կլինի։ «Երբ Երևանն ուներ 5-6 հարկ, պուրակը հորինվածքային կերպով ավարտվում էր բարձրահյարկ շենքով՝ Գլխավոր փոստով, այն ժամանակ դա Երևանի ամենաբարձր շենքերից մեկն էր, այսինքն՝ բուլվարն ավարտվում էր շեշտադրմամբ՝ միաժամանակ երկու գործառույթ կատարելով՝ փակում էր Կոնդը և տեսողական շեշտադրություն էր։
Միշտ պետք է լինեն շեշտադրումներ։ Բայց այսօր նրանց շուրջ երկու անգամ ավելի բարձր շենքեր են աճել։ Այդ շենքերը կառուցվել են ինքնաբուխ, առանց միմյանց հետ ներդաշնակելու ո՛չ ճարտարապետական, ո՛չ գույնի առումով, ես կասեի՝ տարերայնորեն։
Այսօր նման հարևանությամբ Գլխավոր փոստը փոքրիկ շենքի տեսք ունի։ Այնտեղ կարող է մեծ օբյեկտ լինել, բայց հարցը պետք է հանգամանորեն ուսումնասիրվի»,- ընդգծել է Ալեքսանդր Բադալյանը։




























