Չինաստանում ութնյակի մայրը, ով բավական հարուստ կին է, ստիպված է եղել լքել իր 8 երեխաներին շքեղ վիլլայում եւ փախչել: Պատճառն այն է, որ միանգամից 8 երեխաների լույս աշխարհ բերելու փաստը մեծ աղմուկ է բարձրացրել Չինաստանում, հաշվի առնելով, որ Չինաստանում արգելվում է մեկ երեխայից ավելի ունենալ:
Չինաստանի հեռուստաալիքներից մեկի փոխանցմամբ, երկար տարիների անպտղությունից հետո, ամուսնական զույգը որոշել է դիմել էքստրակորպորալ բեղմնավորման միջոցին, որի համար վճարել են մեկ մլն յուան (շուրջ 158 հազար դոլար), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բայց չինացի բժիշկները չափն անցել են: Հաջողության շանսերը մեծացնելու համար, նրանք միանգամից 8 ձվաբջիջ են բեղմնավորել, մտածելով, որ միայն 2-3 էմբրիոն կդիմանա, բայց բոլորն էլ հաջող է ստացվել: Ապահովության համար երկու էմբրիոն տեղադրվել է մեկ սուրոգատ մոր մարմնում, իսկ երեք էմբրիոն` մեկ այլ սուրոգատ մոր մարմնում: Կենսաբանական մայրն էլ կրել է մյուս երեք էմբրիոնները:
Արդյունքում լույս աշխարհ է եկել 4 աղջիկ եւ 4 տղա:
Տեղի իշխանությունները հատուկ խումբ են ստեղծել տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրելու համար, որի արդյունքում խախտվել է երկրի օրենքը:
Ամուսնական զույգին սպառնում է մեծ տուգանք «Մեկ ընտանիք` մեկ երեխա» սկզբունքը խախտելու համար: Հասարակությունը եւս ալեկոծվել է. մարդիկ նշում են, որ պարզվում է հարուստներին թույլատրվում է շատ երեխաներ ունենալ:




























