ԱՄՆ շատ նահանգներում, այդ թվում՝ Թենեսիում, Կենտուկիում և Ջորջիայում ջրհեղեղների և տորնադոների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ մահացածների թվում է Կենտուկիից ինը տարեկան երեխա, որին ջրհեղեղը տարել է ավտոբուսի կանգառի ճանապարհին։ Մահերի մեծ մասը՝ 10 մարդ, տեղի է ունեցել Թենեսիում, նրանցից ոմանք զոհ են դարձել հզոր տորնադոյի, որը հարվածել է Սելմեր քաղաքին։ Ջորջիայում երկու մարդ մահացել է այն բանից հետո, երբ նրանց վրա ծառ է ընկել գոլֆի դաշտում, և նահանգապետ Բրայան Քեմփը ցավակցել է նրանց սիրելիներին: Ընդհանուր առմամբ, հեռուստաալիքի տվյալներով, 10 նահանգներում ավելի քան 90 տորնադո է գրանցվել։

Ապրիլի 6-ին CNN-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալները, հայտնել է, որ հորդառատ անձրևներն ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել կենտրոնական նահանգներում։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում ջրհեղեղների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ՝ 4-րդ մակարդակ։ Անձրևները հանգեցրել են արտակարգ տարհանումների և ճանապարհների փակման։ Միայն շաբաթ օրը գրանցվել է ավելի քան 6 հազար չվերթի ուշացում և էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ