Դատապարտյալներից մեկը ցանկացել է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ և այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ ՔԿՀ, ինչը ՔԿԾ պրակտիկայում առաջին դեպքը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պաշտոնական մեկնաբանություն տալով, թե ինչ է կատարվել «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ում։
Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել էր, որ «օրեր առաջ ցմահ դատապարտյալների ջարդ են իրականացրել»։
«Այս դեպքում ևս մոտեցել են համապատասխան խուց և ասել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ ՔԿՀ: Այստեղից սկսվել է անհնազանդություն, քանի որ ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որը չի կատարվել դատապարտյալների կողմից, իսկ նրանք հիմնական իրավունքից բացի, ունեն նաև պարտականություններ, այդ թվում հիմնարկի վարչակազմի օրինական ծառայողներին և ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելը։ Քանի որ տվյալ անձը հրաժարվել է կատարել օրինական պահանջը, հրահրել է անախորժ միջադեպեր, ինչի հիման վրա սկսել են այլ խցերից աղմկել՝ ի աջակցություն տվյալ անձի, թե ինչու եք մեր դատապարտյալին ուզում տեղափոխել այլ ՔԿՀ, սկսել են թակել դռները, ինչ-որ իրեր են այրել, ամեն դեպքում ծուխ է նկատվել խցերում և այս պարագայում ՔԿՀ-ն զերծ է մնացել որեւէ գործողությունից, հրավիրվել է հատուկ նշանակության ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջապես ՔԿՀ պետին»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ ստորաբաժանումն ավելի պատրաստված է այդպիսի անհանազադություններ կասեցնելու համար:
Հովհաննես Մարգարյանի խոսքով, դատապարտյալներին տրվել է բավարար ժամանակ, որ կատարեն ՔԿՀ ծառայողների օրինական պահանջները, չկատարելուց հետո կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք. «Երբ ասվում է ֆիզիկական ուժ, միանգամից բոլորն այստեղ հասկանում են, որ դա ծեծն է, բայց ձեոքը ոլորելը եւս համարվում է ֆիզկական ուժ: Կոտրվածք ոչ մի անձի մոտ չկա, կապտուկներ եղել են, քանի որ այդ անձինք շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել օրինական պահանջներին»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակադարձեց, որ իրեն 5-6 հոգի ասել են, որ գցել են գետնին, կանգնել նրանց վրա եւ մահակներով ծեծել, խոշտանգել են ուղղակի:
«Դա ծեծել չենք ասում, ասում ենք՝ ֆիզիկան ուժի կիրառում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Ժաննա Ալեքսանյանը նաև հայտարարեց, որ առևանգված Դավիթ Մինասյանը հավատացյալ է․«Ինքը ոչ մի կապ չունի քրեական ենթամշակույթի հետ, որ դրա համար իրեն տեղափոխեն»։



























