Չինական Xinhuanet-ը գրում է, որ Բալկանների եւ Հարավային Աֆրիկայից հետո Հարավային Կովկասը հանդիսանում է եւս մեկ ճգնաժամի օջախ, որը կարող է ընդգրկել տարածաշրջանի երեք պետություններին, եւ ներքաշել արտաքին խաղացողների:

«Էթնիկ բնույթի տարածքային վեճերն են հիմք հանդիսանում վաղուց հասունացող հարավ-կովկասյան ճգնաժամի համար: Օրինակ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի ցեղասպանության հետ կապված հակամարտություն, սակայն «ֆուտբոլային դիվանագիտությունը» երկու երկրների հարաբերություններում մեծապես նպաստեց լարվածության նվազմանը:

Տեղական խաղացողներից բացի, տարածաշրջանի իրավիճակից օգուտ են փորձում ստանալ եւ արտաքին խաղացողները, որոնք ունեն այնտեղ շահեր էներգետիկայի, անվտանգության ոլորտում, ինչն ավելի է խորացնում կովկասյան քաոսը:

Ռուսաստանը, որը տարածաշրջանի եւս մեկ խոշոր խաղացող է, հիմա պետք է զբաղվի իր հեռավոր ֆորպոստով, այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա կեսին Վրաստանը անակնկնալ որոշում կայացրեց փակել իր օդային տարածքը Ռուսաստանի տրանսպորտային միջոցների համար, որոնք մատակարարում էին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան:

Եթե անգամ Ռուսաստանը կարող է օգտագործել շրջանցիկ ճանապարհներ Ադրբեջանի, Իրանի կամ անգամ Թուրքիայի տարածքով, նա ստիպված կլինի զոհաբերել կամ գոնե փոխանակել մի շարք առանցքային շահեր, որպեսզի հնարավորություն ունենա նորմալ օդային ճանապարհ ունենալ դեպի Հայաստան:

Եկող տարի Վրաստանում եւ Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, իսկ հաջորդ տարի` նախագահական: Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները կարող են իրենց թույլ տալ դիմել խիստ հռետորաբանության եւ նույնիսկ խորհրդանշական գործողությունների, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել անկարգությունների տարածաշրջանում:

Կարող է թեժանալ նաեւ Հայաստանի եւ Ադրբջեանի միջեւ առկա հակամարտությունը եւ հանգեցնել սահմանային նոր բախումների եւ դիպուկահարների փոխհրաձգության:

Թեեւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեռեւս 2010 թվականի վերջին, սակայն 2013 սպասվում են նախագահական ընտրությունները, որոնց ընթացքում գործող նախագահն ու նրա պոտենցիալ մրցակիցը կարող են համաձայնեցնել իրենց արտաքին քաղաքականությունը տարածաշրջանի եւ նրանից դուրս շրջանակներում, որպեսզի ստանան էլ ավելի լավ դիրք տարածաշրջանում եւ միջազգային հարցերում: Եվ անկախ այն բանից, թե ինչը կծառայի որպես պատասխան այս կամ այն սադրանքին, ճգնաժամը Հարավային Կովկասում կարող է մնալ առավելապես տարածաշջանային ճակատամարտ, սակայն կարող է վերածվել նաեւ լայնածավալ պատերազմի»,- գրում է չինական գործակալությունը: