Ուղեվարձի սակագների վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ ձևով, ու երբ մենք մեր գործողությունների ընթացքում շփվում էինք քաղաքացիների հետ, տեսնում էինք, որ շատ մեծ հանրային անվստահություն կա ընդհանրապես ռեֆորմի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեդիա կենտրոնում» «Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Աբրահամյանը:
«Քաղաքացիները իրենք տեսնում են իրենց առօրյայում, որ շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, և միևնույն ժամանակ շատերի մոտ հարց էր առաջանում, ինչու 300, ինչու 150, ինչու 100: Որևէ հիմնավորում, որեւէ հաշվարկ չտեսնելով, քաղաքացիները այդպես էլ չէին հասկանում, թե իրենք ինչի դիմաց են այս գումարը վճարում: Մենք տեսնում էինք շատ մանիպուլատիվ թեզեր քաղաքապետարանի կողմից, որ սա ինչ-որ կերպ պետք է դառնա ներդրում հանրային տրանսպորտի բարեփոխումների մեջ, բայց ակնհայտ է, որ հիմա քաղաքացիները վճարում են ավելին, բայց չեն ստանում ավելի լավ ծառայություն:
Բացի այս մանիպուլյատիվ թեզերից, մենք տեսել ենք հստակ ճնշումներ ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում են բոյկոտել տրանսպորտի անհիմն թանկացումը, նաև ճնշումներ վարորդների նկատմամբ, երբ ստիպում էին նրանց ճնշել քաղաքացիներին, որ վճարեն կամ կանգնել և չքշել: Այդ ամեն ինչը ուղեկցվում էր հայհոյանքներով ու ատելության խոսքով քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց արդարացի բողոքն են բարձրացնում»,-ասաց նա:
Հայկ Աբրահամյանը նկատեց, որ քաղաքացիների անվստահությունը գալիս է նաև անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործունեությունից. «Մենք մամուլում տեսնում ենք բազում հրապարակումներ, տարբեր պատմություններ, այդ թվում ԱՆԻՖ-ի հետ կապված չարաշահումների վերաբերյալ, ու դա քաղաքացիների մոտ ամրապնդում է, որ այն որոշումները, որոնք որ Ավինյանը կայացնում է քաղաքային իշխանությունների մակարդակում, վստահություն չեն ներշնչում»:
Հարցին՝ եթե այդպիսի հանրային անվստահություն կար, որն է պատճառը, որ հանրությունը միևնույն է՝ շարունակեց վճարել, նախաձեռնության ներկայացուցիչն ասաց. «Մենք շատ ենք լսել քաղաքացիներից, որ իրենց կարծես մենակ թողեցին քաղաքական ուժերը հատկապես: Ավագանու անդամ տարբեր խմբակցությունները, որոնք ի սկզբանե հայտարարել էին, որ պայքարելու են, լինելու են քաղաքացու կողքին, ակցիաները որոշակի քաղաքական ուժերի կողմից շարունակություն ու հետևողականություն չստացան:
Քաղաքացիները իրենց հնարավորությունների շրջանակում շարունակում են բոյկոտել: Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որ փորձում են թեկուզ լուռ կերպով չվճարել»:
Նա նաեւ հավելեց, որ խնդիրը այստեղ միայն սակագինը չէ, խնդիրը ընդհանրապես ձախողված ռեֆորմն է հանրային տրանսպորտում։











