Կուրգանի մարզի Պոլովինսկի շրջանի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը ձերբակալվել է հանցավոր խմբին մասնակցելու եւ սուբսիդիաների հարցում խարդախության մեղադրանքով, որից առաջացած վնասը գերազանցել է 12 միլիոն ռուբլին։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունից։

Քննության տվյալներով՝ 2021-2024թթ. հանցավոր խմբի անդամները, որոնց թվում էր նաեւ Խաչատրյանը, ապօրինի կերպով բյուջետային միջոցներ են ստացել հողամասերում փաստացի չկատարված աշխատանքների համար՝ սուբսիդավորման տեսքով։ Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եւ հանցավոր խմբին մասնակցության հոդվածներով (ՌԴ ՔՕ 210-րդ հոդվածի 2-րդ մաս, 159.2-րդ հոդվածի 4-րդ մաս): Մեղադրյալը կալանավորվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ինչպես պարզաբանել են վարչությունում, մարտին, տարածաշրջանային ԱԴԾ աջակցությամբ, խուզարկություններ են կատարվել նրա տանը եւ աշխատավայրում։ Առգրավվել են հետաքննության համար կարեւոր հեռախոսներ, կնիքներ եւ փաստաթղթեր։

Քննչական կոմիտեն ընդգծել է, որ նախաքննության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ։