Ես կարծում եմ, որ դատարանը օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացնելու. Սամվել Վարդանյանն ինքն է իրեն տարել դատարանի առջեւ, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ոչ մեկն իրավունք չունի դիմացինի արժանապատվությանը կպնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը արդարությունն է պաշտպանում:
Հարցին՝ինչու նույն ջանասիրությամբ չի դիմում իրավապահներին, որ Սամվել Վարդանյանին խոշտանգողներին էլ պատժեն, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Ինչն ինձ հետ է կապված, ես դրան եմ պատասխան տալիս: Ինքը թող ցուցաբերի այդ ջանասիրությունը: Դուք ինչո՞ւ եք նորից այդտեղ տանում, դուք ինչու եք իզուր տեղը պրովոկացիա սարքում: Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանելու, ես իմ շահերն եմ պաշտպանում: Ես պարտավոր չեմ ամեն մեկի հետեւից գնալ իրենց արրդարությունը պաշտպաբել: Երևանում ումը մի բան լինի, ընկնեմ, իրենց շահերը պաշտպանե՞մ»:
Նշենք, որ դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին՝ խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ: Իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, որը միայն ազատազրում է նախատեսում 1-4 տարով, դատարանը կայացրեց արդարացման վճիռ։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք»:
Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։
Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով դեռևս որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։




























