«ԱԳՆ–ի կողմից տարածված այդ հայտարարությանը մեկնաբանություններ տրվել են, ես կվերահաստատեմ այդ մեկնաբանությունները։ Իմ տպավորությունն այն է, որ ԱԳՆ–ի և պաշտոնական այլ կառույցների կամ անհատների կողմից անընդհատ փորձ է արվում Արցախի թեման փակելու կամ Արցախի հետ կատարված ամեն ինչը բարդելու ուրիշների վրա, և այս ն կոնկրետ դեպքով՝ Արցախի իշխանությունների և ներկայացուցիչների վրա»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ–ն հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։
«Ուրախ եմ, որ հայտարարության տարածումից հետո բազմաթիվ մարդիկ նույն գնահատականն են տվել։ Փորձ է արվում մեղավորներ փնտրել և բարդել մեղավորությունը այլ անձանց կամ կառույցների վրա։
Անդրադառնալով ԱԳՆ հայտարարության այն հատվածին, որ ասվում էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու առաջարկը Ստեփանակերտն է մերժել, Ստեփանյանն ասաց.
«Երկու հանդիպումների մասին է խոսվում, և բազմիցս այդ մասին պարզաբանումներ տրվել են։ Նախ, ֆիքսվել է այն հանգամանքը, որ այդ առաջարկները չէին ենթադրում միջազգային ֆորմատով կամ միջազգային մասնակիցների ներկայությամբ քննարկումներ։ Անգամ այդ պարագահում որոշակի պրոցեսներից հետո Արցախյան կողմը տվել է հանդիպելու համաձայնությունը, բայց ի վերջո, հանդիպման առաջարկը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ամեն ինչ արվում է զոհին մեղադրելու և կատարվածը նրա վրա բարդելու, մեղավորության սլաքները Արցախի իշխանությունների, երբեմն նաև ժողովրդի կողմ ուղղելու համար։ Անբարոյականություն կամ անմարդկայնություն, այլ բառերով չեմ կարող մեկնաբանել։
Գեղամ Ստեփանյանը հարց բարձրացրեց, թե «ինչու՞ են ՀՀ իշխանությունը և արտգործնախարարությունն այդքան հաճախ օգտագործում պատրվակները՝ իրենց քաղաքականությունն արդարացնելու համար, և ինչու՞ է ՀՀ–ն փակում Արցախյան պաշտոնական կայքերը»։
«Հրաժարվում են համագործակցել Արցախյան իշխանությունների տարբեր կառույցների հետ, հրաժարվում են միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Այս ամենն արդարացնելու համար նրանց ուղղակի պատրվակներ են պետք»,–հավելեց Արցախի ՄԻՊ–ը։





























