Գիտնականները Փոքր Մագելանի ամպ համակարգում գերնոր պայթյունի հետքերով զարմանալի պուլսար են բացահայտել:
Արտասովորն այն է, որ պուլսարն իրեն ծնունդ տվող երեւույթից շատ ավելի հին է: Այլ կերպ ասած` երեխան մորից մեծ է, ինչն անհնար է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Գիտնականներն այնքան էլ շատ պուլսարներ չեն ուսումնասիրել: Մենք նման զույգի առաջին նմուշն ենք հայտնաբերել Փոքր Մագելանի ամպ համակարգում»,- նշել է հետազոտության ղեկավար, Մեծ Բրիտանիայի համալսարանի գիտնական Վինսենթ Հենալթ Բրունետը:
Նրա գնահատականով` պայթյունը տեղի է ունեցել 40-10 հազար տարի առաջ: Նեյտրոնային աստղը, որը կատալոգում գրանցված է SXP 1062 անվանումով, պետք է որ զգալիորեն հին լինի մնացածներից:
Պուլսարներն իրենց էվոլյուցիայի վերջնական արտադրանք են, որոնք աչքի են ընկնում փոքր չափսերով, բարձր խտությամբ եւ հսկայական զանգվածով: Այսպես, նրանց զանգվածով լի մեկ թեյի գդալը կարող է հավասար լինել Երկրի ամենաբարձր լեռան` Էվերեստի զանգվածին:
Նման աստղերը իրենց էվոլյուցիայի ակտիվ փուլում բացառիկ արագությամբ են պտտվում սեփական առանցքի շուրջը` երբեմն վայրկյանում 100 պտույտ կատարելով:
SXP 1062-ը, ընդհակառակը, չափազանց դանդաղ է պտտվում` առանցքի շուրջը լիարժեք պտույտ կատարելով 18 րոպեում: Նման յուրահատկությունը վկայում է նրա «պատկառելի տարիքի» մասին:
«Չափազանց դանդաղ պտտվելը ցույց է տալիս օբյեկտի հնությունը»,- նշել է գիտնականը: Աստղագետները եղած տեղեկությունների վերլուծության միջոցով փորձում են ըմբռնել ֆենոմենի բնույթը:




























