Գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքն ընդունվել է 2020 թվականին և անգամ 2020-ի համար կարծում եմ՝ ուշացած էր, պետք էր շատ ավելի վաղ ընդունել այս փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գույքահարկի բարձրացման հետեւանքով Երեւանի կենտրոնում ապրողներից շատերը պետք է վաճառեն բնակարանները, քանի որ չեն կարողանալու վճարել գույքահարկը:

«Մինչ այդ գործնականում մենք չենք ունեցել անշարժ գույքի մասով գույքային հարկերի համակարգ: Այսինքն համարժեք հարկեր հավաքագրելու այդ հնարավորությունը համայնքները, ըստ էության, չեն ունեցել, որովհետև հարկման բազաները, որոնք, ինչպես գիտեք, կադաստրային արժեքի տրամաբանության մեջ էին, ակնհայտ թերագնահատված են եղել, անգամներով, տասնյակ, երբեմն 100 անգամներով»,-ասաց նա:

Փոխնախարարը հերքեց պնդումները, թե սա պայմանավորված է պետական կամ հանրային ռեսուրսի սակավության խնդրով. «Այստեղ ընդամենը համարժեքության հարց է լուծվել, որովհետև անտրամաբանական էր, երբ օրինակ Երևանի կենտրոնում գտնվող 60-65 քմ մակերեսով բնակարանի համար վճարվում էր ընդամենը մի քանի հազար դրամ հարկ, այն դեպքում, երբ նույն բնակարանի սեփականատիրոջ 20 և ավելի տարվա վաղեմության ավտոմեքենայի համար վճարվում էր 70,000 դրամ հարկ:

Նախատեսված է, որ վեց տարվա ընթացքում աստիճանաբար է ներդրվում, որպեսզի ներդրումը լինի սահուն, քաղաքացիների համար բեռը զգալի չլինի։ Եթե նկատել եք, անցյալ տարվա համար ըստ էության 50%-անոց հարկն է վճարվել, այնուհետ սպասում է 75%-անոց վճարում և 2026 թվականի համար նոր միայն 100 տոկոսանոց հարկի վճարում»,-ասաց նա:

Հարցին արդյոք հենց իր համար գույքահարկը լրացուցիչ բեռ չի, Արման Պողոսյանը բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես, հակառակը, ես շատ անհարմար էի զգում, երբ, օրինակ, Ավանի Ծարավ Աղբյուր թաղամասում իմ 110 քմ մակերեսով բնակարանի համար վճարում էի 6000 դրամ հարկ տարեկան, հիմա վճարում եմ երևի 40 000 դրամի շրջակայքում, որը կարծում եմ էլի ցածր է նույնիսկ։

Համարժեքության հարցն է այստեղ կարևոր: Հանդուրժել, որ ասենք մարզային նշանակության մի քանի հեկտար արտադրական նշանակության տարածքի հարկը պետք է լիներ տարեկան 6000 դրամ կամ 10000 դրամ, կարծում եմ՝ ընդունելի մոտեցում չէ»: