Մեքենաներից գողությունների խնդիր ունենք ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

«Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում: Մենք ներկայացնում ենք նախաքննական մարմիններ, վարույթներ, և տվյալ քաղաքացիները ներկա պահին նորից շարունակում են իրենց սև գործը:

Բայց ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություն է իրականացնում, նաև լրացուցիչ ծառայություն՝ գիշերային ժամերին»,- ասաց նա:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, շուտով կմտնի Ազգային ժողով, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունը կդառնա «որակյալ» հանցակազմ, ինչն էլ խնդրի դեմ ավելի արդյունավետ պայքարելու հնարավորություն կտա: