Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Է. Կարապետյանին, սակայն վերջինս հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վարորդին օգնության հասած քաղաքացիները նշում էին, որ թե՛ վարորդը, թե՛ ավտոմեքենայում եղած 2 ուղևորները, որոնցից մեկը անչափահաս է եղել, եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: