Ոչ մեկ մեր նկատմամբ ճնշում չի գործադրել, չեն էլ կարող, էդքան պլոճիկ չունեն, որ գործադրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Քասախ գյուղի հատվածում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քասախի բնակչուհիներից մեկը:
«Գոռացի՝ դուխով, դուխով, ո՞ւր ես բա, Նիկոլ: Դրոշակը պահած գոռում էի՝ դուխով: Ով նստում է աթոռին, ամեն ինչ մոռանում է, ժողովուրդն է տանջվում»,-ասաց նա:
Մեկ այլ քասախցի էլ հավելեց. «2018-ին առյուծ էր, հիմա ոզնի է դարձել: Սաղ օրը Թուրքիայի հետ է խոսում, Ադրբեջանի հետ է խոսում»:
«Երեւի Ալիեւն էլ իր հոպարի տղեն ա, շարունակեց կինը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։




























