Առնվազն 184 մարդ է զոհվել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետեւանքով։ Այս մասին հայտնել է տեղի Diario Libre թերթը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Խուան Մանուել Մենդեսին։

Նա տեղեկացրել է, որ փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Մենդեսը նաեւ նշել է, որ մահացածների որոնումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հարազատները կշարունակեն խնդրել գտնել իրենց մերձավորներին։

Երեքշաբթի գիշեր Սանտո Դոմինգոյում փլուզվել է Jet Set գիշերային ակումբի տանիքը։ Մահացածների թվում են Դոմինիկյան Մոնտե Քրիստիի նահանգապետ Նելսի Քրուզը եւ հայտնի դոմինիկյան երգչուհի Ռուբի Պերեսը, որն այդ գիշեր ելույթ էր ունենում ակումբում։ Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ողբերգության կապակցությամբ եռօրյա ազգային սուգ է հայտարարել։