Արգենտինայի դատախազ Սեբաստիան Բասոն երկրի դաշնային դատարանին խնդրել է ձերբակալել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին՝ 1994թ. Բուենոս Այրեսի պայթյունի հետաքննության շրջանակում, որը խլել է 85 մարդու կյանք հրեական կենտրոնում, հայտնել է Infobae-ն՝ հղում կատարելով Բասոյի խնդրանքին:
Պորտալի տվյալներով՝ Բասոն, որը 1994թ. Բուենոս Այրեսի պայթյունի հետաքննության ղեկավարն էր, դատարանին ուղղված միջնորդությունում նշել է, որ Իրանի առաջնորդը պետք է հետաքննվի հարձակումը պլանավորելու եւ իրագործելու մեջ ենթադրյալ մասնակցության համար։ Իր հայտարարության մեջ Բասոն պահանջել է նաեւ հեռակա դատել ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող բոլոր անձանց։
«Դատախազ Սեբաստիան Բասոն... դաշնային դատավոր Դանիել Ռաֆեկասին խնդրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ձերբակալության ազգային եւ միջազգային օրդեր տալ: Այս խնդրանքը 1994թ. հուլիսի 18-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ահաբեկչության գործով հեռակա դատավարության մաս է կազմում»,- հայտնել է պորտալը:
Infobae-ի համաձայն՝ սպասվում է, որ դատավորը մի քանի օրից կուսումնասիրի դատախազի խնդրանքը եւ կորոշի Իրանի գերագույն առաջնորդին կալանավորելու հրաման տալ, թե ոչ:
Պորտալն ընդգծել է, որ Խամենեիի ձերբակալման հրամանը կարող է վատթարացնել Արգենտինայի եւ Իրանի հարաբերությունները։
2024թ. Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին հայտնել է, որ Արգենտինան խնդրել է Ինտերպոլին ձերբակալել Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին 1994թ. Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի վրա կատարված ահաբեկչությանը նրա մասնակցության համար։
1994թ. Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի մոտ ռումբ է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է 85 եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ: Արգենտինան մի շարք բարձրաստիճան իրանցիների, այդ թվում՝ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին եւ կառավարության յոթ նախկին պաշտոնյաների, մեղադրում է երկրում երբեւէ ամենամեծ ահաբեկչության կազմակերպման մեջ: Իրանի իշխանությունները միշտ կտրականապես հերքել են մեղադրանքները։




























