Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում:

Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի  կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում: 

Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: