Ադրբեջանը և Չինաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ երկխոսություն են սկսում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր, ներառյալ՝ կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցելու։

Ալիևը հավելել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին  ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել, որը «շատ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափ ունենալը, իհարկե, չափազանց կարևոր է Ադրբեջանի համար»։

«Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք՝ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ, ինչպես արդեն քննարկել ենք, Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը: Իհարկե, մենք շահագրգռված կլինենք մատակարարումների, ինչպես նաև համատեղ արտադրության աշխարհագրության դիվերսիֆիկացմամբ»,-նշել է Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Չինաստանի հետ համատեղ արտադրության, տրանսպորտի, Միջին միջանցքի զարգացման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման ոլորտում համագործակցությամբ։