Այս փոփոխությունների արդյունքում չեմ կարծում, թե շատ գումար է բյուջե գնացել, քանի որ շատ անհատ ձեռներեցներ թողել են իրենց տաղավարները: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, «ՓՄՁ-ները սկսում են բողոքի ակցիաները ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փոքր և միջին ձեռնարկատեր Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 1-ից ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար շրջանառության հարկը՝ 5-ից դարձել է 10 տոկոս:
«Իրենք մեզնից պահանջում են գույքագրել ապրանքը: Հնարավոր չէ գույքագրել ապրանքը, որովհետեւ այն հստակ արժեք չի ունենում, որովհետեւ հնարավոր է, որ ապրանքը գույքագրես 7 հազար, սկզբում վաճառես 10 հազարով, իսկ հետո սեզոննա անցնելուց հետո ստիպված լինես վաճառել 5 հազարով, որ ապրանքը քո մոտ չմնա: Ունենք երկար տարիներով մնացած ապրանքներ, որը չգիտենք՝ ինչ գնով պետք է գույքագրվի:
Պետությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ ոչ թե հարկեր վճարեն, այլ թաքցնեն, որովհետեւ պետության առաջարկած ձեւով աշխատելը լուրջ վտանգի տակ է դնելու փոքր ու միջին ձեռնարկատերերին»,-ասաց նա:
Կարինե Գեւորգյանը նկատեց, որ պետությունը իր փոփոխություններով տանում է բիզնեսի խոշորացման, որտեղ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանալու աշխատել. «Դա պահանջելու է թանկ հաշվապահական ծառայություն, բնականաբար, դա ծախս է փոքր բիզնեսի համար: Արդեն այս առաջին եռամսյակի ընթացքում շատ ՓՄՁ-ներ փակվել են:
Մենք մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք, սկսել ենք ստորագրահավաքից: Ոչ մի փոքր կամ միջին ձեռնարկատեր չի գույքագրել իր ապրանքը, որովհետեւ նախ չգիտի՝ ինչպես գույքագրի, երկրորդ, դա անհնար է: Սրանով երկիրը տանում են կործանման»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:




























