Հաշվապահական և իրավաբանական ընկերությունները հարկային բեռի ավելացում ունեցան հունվարի 1-ից, հարկային դրույքաչափը կրկնապատկվեց 5%-ից 10%, դեռ այդ փոփոխությունը կյանքի չկոչված նախագիծ ներկայացվեց, որով մասնագիտական ծառայություն մատուցողները պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում, ընդհանուր հարկման դաշտում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, «ՓՄՁ-ները սկսում են բողոքի ակցիաները ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 1-ից շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկի դաշտ կտեղափոխեվեն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները:
«Քննարկումներ եղան, որի արդյունքում դուրս բերվեցին մասնագիտական ծառայությունները և թողնվեցին միայն հաշվապահական ու իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում։ Քննարկումների ժամանակ հասկացանք, որ հիմնավոր պատճառներ չունեն, թե ինչի են ընտրվել հենց հաշվապահական ու իրավաբանական ընկերությունները, ի՞նչ հիմնավորումներ ու հիմքեր կան, արդյո՞ք փոփոխությունների արդյունքում բյուջե ավելացվող գումարներ կլինեն, կամ այսօր գործող ստվերում տնտեսվարող սուբյեկտները կգան օրինականության դաշտ, թե՞ պետական բյուջե ավել գումարները մուտք չի լինի, հակառակ, այսօր օրինական դաշտում աշխատողները կանցնեն ստվերի դաշտ, պետությունը նոր բեռ կվերցնի իր վրա, վարչարարություն իրականացնելու համար»,-ասաց նա:
Հարցին՝ ինչի՞ց հասկացաք, որ չկան հիմնավորումներ, Խաչատրյանը պատասխանեց. «Օրինակ, ասվում է, որ հաշվապահները կարող են ինքնուրույն հարկերը հաշվարկել: Սա զավեշտալի պատասխան է, կամ ասում են՝ աուդիտրական ընկերությունները աշխատում են ընդհանուր հարկման դաշտում, ինչու հաշվապահները չեն աշխատում նույն դաշտում: Սրա պատասխանը տրվել է, որ աուդիտրական ընկերությունները Հայաստանում թվով 30-ն են և նրանք արդեն իսկ խոշոր ընկերություններ են և ծառայություններ են մատուցում բացառապես խոշոր ընկերություններում։ իսկ հաշվապահական ընկերությունները մի քանի անգամ ավել են և նրանք ծառայություններ են մատուցում հիմնականում փոքր և միջին բիզնես ընկերությունների համար:
Տեսեք, մի կողմից մենք տեսնում ենք, որ փոքր-միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, մյուս կողմից հաշվապահական ծառայությունների արժեքն է ավտոմատ կերպով բարձրանում։ Եթե փոքր-միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, պետք է զուգահեռաբար հաշվապահական ծառայությունների արժեքը մեղացվի, բայց հաշվապահական ընկերությունների արժեքն ենք բարձրացնում:
Այսօր 10% հարկ ենք վճարում, իսկ հուլիսի 1-ից հարկային բեռը առնվազն դառնալու է 30%: Սրա արդյունքում ոչ թե ստվերում գործողներն են գալու հարկման դաշտ, այլ օրինական հարկ վճարողներն են անցնելու ստվերային դաշտ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:



























